2025 թվականի մայիսի 15-ին ուժի մեջ է մտել Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների՝ մի կողմից, և մյուս կողմից՝ Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի մասին լիաձևաչափ համաձայնագիրը:
Այն կփոխարինի սահմանափակ ապրանքային ընդգրկմամբ ժամանակավոր համաձայնագիրը, որը գործում է 2019 թվականից, և ԵԱՏՄ երկրների արտադրողների համար կստեղծի իրանական շուկա մուտքի եզակի պայմաններ: Այսպես, Միությունից Իրան մատակարարվող ապրանքների նկատմամբ ներմուծման մաքսատուրքի միջին դրույքաչափը 20%-ից կնվազի մինչև 4.5%:
«Լիաձևաչափ համաձայնագրի կիրարկման շրջանակներում կողմերն արդեն սկսել են կազմակերպել Համատեղ կոմիտեի առաջին նիստը, որը նախատեսվում է անցկացնել 2025 թվականի երկրորդ կիսամյակում, և որի ընթացքում նախատեսվում է քննարկել Եվրասիական տնտեսական միության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման կոնկրետ հարցեր», — նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը:
Նոր համաձայնագիրն ամրագրում է ամբողջ ապրանքատեսականու 90%-ի նկատմամբ առանձնաշնորհային հասանելիությանն առնչվող ԵԱՏՄ-ի և Իրանի փոխադարձ պարտավորությունները: Ժամանակավոր համաձայնագրի համեմատ՝ լիաձևաչափում էապես բարելավվել է կարգավորող մասը, որն ուղղված է կողմերի միջև առևտրի անխոչընդոտ տարածության ստեղծմանը: Փորձագետների գնահատմամբ՝ համաձայնագրի իրականացումը թույլ կտա բազմապատկել ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը, որը միջնաժամկետ հեռանկարում կարող է հասնել 12 մլրդ դոլարի: