Բեռի նախնական և մաքսային զննում

Բեռի նախնական և մաքսային զննում

Մաքսային ձևակերպումից առաջ երբեմն անհրաժեշտ է զննել բեռը և ստուգել՝ արդյոք ապրանքի փաստացի տեսակը, քանակը, քաշը, մակնշումը և մյուս բնութագրերը համապատասխանում են մատակարարի ներկայացրած փաստաթղթերին։

REGULUS GROUP-ը կազմակերպում է բեռի նախնական և մաքսային զննում մաքսային տերմինալում կամ ժամանակավոր պահպանման պահեստում։ Իսկ եթե զննումը նշանակվում է մաքսային մարմնի կողմից, մեր մասնագետը ներկա է լինում գործընթացին և կատարում մաքսային ձևակերպման համար անհրաժեշտ աշխատանքները։

Ե՞րբ կարող է անհրաժեշտ լինել բեռի նախնական զննում

Բեռի նախնական զննումը կարող է անհրաժեշտ կամ նպատակահարմար լինել, երբ՝

    մատակարարի փաստաթղթերում ապրանքի նկարագրությունը թերի կամ ոչ հստակ է,

    միայն փաստաթղթերի հիման վրա հնարավոր չէ ճշգրիտ որոշել ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը,

    անհրաժեշտ է ստուգել ապրանքի մակնիշը, մոդելը, քանակը, քաշը, սերիական համարը,

    կասկած կա, որ փաստացի բեռը չի համապատասխանում հաշիվ-ապրանքագրում կամ փաթեթավորման թերթիկում նշված տվյալներին,

    առկա են վնասված փաթեթներ, խախտված կապարակնիք կամ ապրանքի պակասի և բեռի ամբողջականության խախտման կասկած,

    հայտարարագրվում են սննդամթերք, անասնաբուժական հսկողության ենթակա արտադրանք, դեղորայք կամ այլ ապրանքներ, որոնց համար անհրաժեշտ է ստուգել արտադրության ու պիտանելիության ժամկետները, խմբաքանակի համարը կամ պահպանման ջերմաստիճանային պայմանները,

    ներմուծվող կամ արտահանվող ապրանքի հայտարարագրման համար անհրաժեշտ է կատարել նույնականացում և լրացնել նույնականացման թերթիկ,

    մշակութային արժեք համարվող ապրանքի վերաբերյալ փորձագիտական եզրակացություն ստանալու համար անհրաժեշտ է այն ներկայացնել համապատասխան փորձագիտական կազմակերպությանը,

    ներմուծվում են պարտադիր հարգորոշման և հարգադրոշմման ենթակա՝ թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր, և անհրաժեշտ է որոշել կամ հաստատել դրանցում պարունակվող թանկարժեք մետաղի հարգը,

    անհրաժեշտ է փորձագիտական գնահատմամբ որոշել կամ ճշտել ապրանքի շուկայական արժեքը, մասնավորապես՝ օգտագործված ապրանքների դեպքում,

    զննումը պահանջվում է օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում։

Նախնական զննումը հնարավորություն է տալիս ապրանքի փաստացի տվյալները պարզել մինչև մաքսային հայտարարագիրը ներկայացնելը և նվազեցնել սխալ հայտարարագրման հավանականությունը։

Մաքսային մարմնի կողմից նշանակված զննում

Մաքսային ձևակերպման ընթացքում մաքսային մարմինը կարող է որոշել իրականացնել ապրանքի զննում։ Սա մաքսային հսկողության սովորական ձև է և ինքնին չի նշանակում, որ խախտում է հայտնաբերվել։

Զննման ծավալը որոշում է մաքսային մարմինը։ Կախված ապրանքի տեսակից և զննման նպատակից՝ բեռի փաստացի տվյալները համեմատվում են մաքսային հայտարարագրում և ուղեկցող փաստաթղթերում նշված տվյալների հետ։ Մասնավորապես՝ կարող են ստուգվել՝

    ապրանքի անվանումը, տեսակը, նշանակությունը և հիմնական բնութագրերը,

    ապրանքանիշը, մակնիշը, մոդելը, ապրանքային և սերիական համարները,

    ապրանքի փաստացի քանակը, չափման միավորը, զուտ և համախառն քաշը,

    ապրանքի կամ փաթեթավորման վրա առկա մակնշումը, ինչպես նաև արտադրողի և ծագման երկրի վերաբերյալ տվյալները,

    անհրաժեշտության դեպքում՝ խմբաքանակի համարը, արտադրության և պիտանելիության ժամկետները, ինչպես նաև պահպանման պայմաններին վերաբերող տվյալները,

    փաթեթների քանակն ու ամբողջականությունը, ապրանքի արտաքին վիճակը, վնասվածքների կամ պակասի առկայությունը,

    կապարակնիքների և նույնականացման այլ միջոցների համապատասխանությունն ու ամբողջականությունը,

    ապրանքի համապատասխանությունը հաշիվ-ապրանքագրում, փաթեթավորման թերթիկում, սերտիֆիկատներում և այլ ուղեկցող փաստաթղթերում նշված տվյալներին։

Զննումն իրականացնում է մաքսային մարմինը, իսկ դրա արդյունքները գրանցվում են համապատասխան մաքսային փաստաթղթում։

Ինչպե՞ս ենք մենք աջակցում

Մեր մասնագետներն աջակցում են թե՛ բեռի նախնական զննման կազմակերպմանը, թե՛ մաքսային մարմնի որոշմամբ իրականացվող զննման ամբողջ ընթացքին։ Կախված զննման նպատակից՝ մեր թիմը՝

    պարզում է կիրառվող ընթացակարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը,

    համակարգում է բեռը մաքսային մարմնին, համապատասխանության գնահատման մարմնին, փորձագիտական կազմակերպությանը կամ այլ իրավասու կառույցին ներկայացնելու գործընթացը,

    աջակցում է բեռը զննման վայր տեղափոխելու, փաթեթները բացելու և զննման համար անհրաժեշտ պայմաններն ապահովելու աշխատանքներին,

    ներկա է լինում բեռի բացման և զննման ընթացքում,

    համապատասխան մարմնին կամ կազմակերպությանը ներկայացնում է ապրանքի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերն ու տեղեկությունները,

    նախնական զննման ընթացքում աջակցում է ապրանքի փաստացի տվյալների ստուգմանը և դրանք ներկայացված փաստաթղթերի հետ համադրելուն,

    հայտնաբերված անհամապատասխանությունների դեպքում օգնում է ճշգրտել տվյալները և պատրաստել կամ լրացնել անհրաժեշտ փաստաթղթերը,

    մաքսային զննման ավարտից հետո շարունակում է մաքսային ձևակերպումը՝ հաշվի առնելով արձանագրված արդյունքները։

Ճիշտ կազմակերպված նախնական կամ մաքսային զննումը հնարավորություն է տալիս ժամանակին պարզել ապրանքի փաստացի տվյալները, անհրաժեշտ տեղեկությունները ներկայացնել իրավասու մարմիններին ու կազմակերպություններին և խուսափել գործընթացի անհարկի ձգձգումից։